Իսպանիայում մեկ օրվա ընթացքում ավելի քան 600 մարդ մահացել է կորոնավիրուսից

15:11 • 12.04.20

Վերջին օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 619 մարդ, սա ամենամեծ թիվն է վերջին երեք օրերի ընթացքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Համաճարակի սկզբից մինչև հիմա Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 16 972 մարդ, գրանցվել է վարակման 166 019 դեպք, որոնցից 4167-ը վերջին օրվա ընթացքում: Հիվանդությունից առողջացել է ավելի քան 62 000 մարդ: Այսպիսով, ակտիվ դեպքերի թիվը Իպանիայում ներկայումս կազմում է շուրջ 86 600:

Մադրիդում վարակման դեպքերի թիվը շուրջ 46 600 է, մահացել է շուրջ 6300 մարդ: Կատալոնիայում վարակման դեպքերի թիվը շուրջ 34 000 է, գրանցվել է մահվան շուրջ 3400 դեպք:

Իսպանիայում ընդհանուր առմամբ նկատվում է վիրուսի տարածման անկում, երկրի առողջապահության նախարարության ղեկավարությունը կարծում է, որ երկրում վիրուսի տարածման պիկն այլևս անցյալում է:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: