Չինաստանը կգրաքննի կորոնավիրուսի ծագման մասին գիտական հոդվածները․ CNN
Չինաստանը սահմանափակումներ է մտցրել նոր կորոնավիրուսի ծագման մասին գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակման վրա, գրում է CNN-ը
Նոր քաղաքականության համաձայն՝ Covid-19-ի թեմայով բոլոր գիտական աշխատանքները նախքան հրապարակումը ենթակա են լրացուցիչ ստուգման և պետք է հաստատվեն կառավարության պաշտոնյաների կողմից։
Չինաստանի կրթության նախարարության գիտատեխնիկական վարչության կողմից հրապարակված հրահանգի համաձայն՝ «վիրուսի ծագման վերաբերյալ գիտական հոդվածները պետք է խիստ վերահսկվեն»։
Հոնկոնգցի բժշկական փորձագետը, որը միջազգային բժշկական ամսագրում Covid-19-ի դեպքերի կլինիկական վերլուծություն հրապարակելու համար համագործակցել է չինացի հետազոտողների հետ, CNN-ին հայտնել է, որ իր աշխատանքը փետրվարին նման ստուգում չի անցել:
Մեկ այլ չինացի հետազոտող, որը խոսել է անանունության պայմանով, հայտնել է, որ այս քայլը մտահոգիչ է և, հավանաբար, բացասական ազդեցություն կունենա և կխանգարի կարևոր գիտական հետազոտությունների իրականացմանը:
«Ես կարծում եմ, որ Չինաստանի կառավարության համակարգված ջանքերի նպատակն է վերաշարադրել պատմությունն այնպես, որ տպավորություն ստեղծվի՝ կորոնավիրուսի բռնկումը տեղի չի ունեցել Չինաստանում», - ասել Է հետազոտողը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 183 դեպք, 114 248-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 625 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում։










