Մադոննան հայտնել է, որ վերջին 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով կորցրել է իր երեք ընկերներին․ Fox News (տեսանյութ)
Հանրահայտ երգչուհի Մադոննան Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ իր երկրպագուներին հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով կորցրել է իր երեք ընկերներին, գրում է Fox News-ը։
Տեսանյութում 61-ամյա Մադոննան նստած է մութ սենյակի գրասեղանի ետևում և ինչ-որ բան է տպում գրամեքենայով, մինչ հետին պլանում երաժշտություն է հնչում։
«Միշտ չէ, որ լավ օր ենք ունենում։ Ես ոչ մի րոպե աչք չեմ փակել անցյալ գիշեր», - ասել է նա։
Այնուհետև երգչուհին պատմել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել է իր զարմիկին, իր թիկնապահի եղբորը և երաժշտական ղեկավար Օռլանդո Պուերտային, որն աշխատել է Մադոննայի բազմաթիվ երգերի վրա:
Մադոննան, ինչպես հաղորդվում է, ինքնամեկուսացել է Լոնդոնում։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ միանում է Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի՝ COVID-19-ի բուժումը գտնելու ջանքերին։
«Ես միանում եմ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի ջանքերին: Մենք պետք է պաշտպանենք մեր բուժաշխատողներին, ինչպես նաև մեր բոլոր ընկերներին և ընտանիքներին»,- հայտնել է նա։










