Զանգվածային թեստավորում, երիտասարդ վարակակիրներ և ժամանակի առավելություն․ The Washington Post-ը ներկայացրել է Գերմանիայի՝ կորոնավիրուսի դեմ հաջող պայքարի գործոնները
Գերմանիան հաջողության է հասել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է The Washington Post-ը։
Մարտի 11-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրեց, որ երկրի բնակչության 60-70 տոկոսը կարող է վարակվել վիրուսով: Մերկելը նշեց, որ այժմ ամենամեծ խնդիրը ժամանակ շահելն է, և իր երկրի դաշնային, պետական և տեղական իշխանությունները կարողացան շահել այդ ժամանակը:
«Առաջին դեպքերից հետո գրեթե երեք ամսվա ընթացքում Գերմանիան ավելի քան 1,3 մլն թեստ է անցկացրել, և վարակակիրների շփումների շրջանակը պարզելը նախկինի պես առանցքային տեղ է զբաղեցնում Գերմանիայի ռազմավարության մեջ»,-The Washington Post-ը մեջբերել է BuzzFeed-ի հոդվածը, որում Գերմանիայի օրինակը համեմատվում է Մեծ Բրիտանիայի օրինակի հետ․ «Մինչդեռ Մեծ Բրիտանիան անցկացրել է 335 000-ից պակաս թեստ և գործնականում դադարեցրել է շփումների շրջանակը պարզելու փորձերը։ Այնինչ, կորոնավիրուսի հետևանքով Գերմանիայում 3000 մարդ է մահացել, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 10 000-ը»։
ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Էմիլի Հաբերն այս համաճարակի դեմ պայքարում Գերմանիայի գրանցած հաջողությունների վերաբերյալ հարցին պատասխանել է․ «Մենք չենք կարող պնդել, որ գոյություն ունի կոնկրետ գերմանական բանաձև»։
Հաբերը մատնանշել է մի քանի առանցքային գործոն, որոնք Գերմանիային առավելություն են տվել կորոնավիրուսի դեմ պայքարում․ դրանք են՝ զանգվածային թեստավորում, Covid-19-ով վարակված համեմատաբար երիտասարդ մարդիկ և ժամանակի առավելություն՝ ինտենսիվ թերապիայի հաստատությունների ընդլայնման և բժշկական սարքավորումների պաշարների ավելացման համար:
«Մենք կարողացանք պատրաստվել, քանի որ Եվրոպայի առաջին երկիրը չէինք, որտեղ կորոնավիրուս գրանցվեց, մենք կարողացանք վերլուծել այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները»,-ասել է Հաբերը՝ հավելելով, որ երկրի առողջապահության համակարգի «կազմակերպվածությունը» և «դաշնային կառավարության և պետական հաստատությունների միջև արդյունավետ համակարգումը» նույնպես մեծապես նպաստել են կորոնավիրուսի դեմ պայքարին։










