Համավարակի տարածումը բարդացրել է փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգման աշխատանքների իրականացումը. Էջմիածնի քաղաքապետ

15:12 • 13.04.20

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը բավական բարդացրել է փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգման աշխատանքների իրականացումը: Գրառման մեջ ասվում է.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Գարնանային անձրևների պատճառով շատ երթևեկելի փողոցներում առաջացել են փոսեր, որոնք անհարմարություն են պատճառում հատկապես վարորդներին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն ընթանում են անհրաժեշտ հաշվարկները, և շուտով կիրականացվեն այդ փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Համավարակի տարածումը բավական բարդացրել է աշխատանքների իրականացումը, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը:

Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգման աշխատանքներ չեն իրականացվի Կամո և Սպանդարյան փողոցներում, քանի դրանք ընդգրկված են Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում. այդ փողոցները հիմնավորոգվելու են»: