Լուկաշենկոն «կորոնավիրուսային փսիխոզի» ֆոնին կոչ է արել թևաթափ չլինել և պայքարել հանուն կյանքի. «ՌԻԱ Նովոստի»

15:26 • 13.04.20

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առաջացած «փսիխոզի» ֆոնին երկրի բոլոր հիվանդներին կոչ է արել պայքարել հանուն իրենց կյանքի՝ անկախ նրանից կորոնավիրուսով են վարակված, թե այլ հիվանդություն ունեն, գրում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Լուկաշենկոն երկուշաբթի ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեյենկոյին, խորհրդարանի վերին պալատի նախագահ Նատալյա Կոչանովային և առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկին:

Նախագահը սկզբում շնորհակալություն է հայտնել այդ ոչ հեշտ ժամանակաշրջանում առաջնագծում օրուգիշեր պայքարող բժիշկներին, այնուհետև դիմել Է այլ հիվանդություններ ունեցողներին՝ նշելով, «կորոնավիրուսային փսիխոզի» հետևանքով շատերը թևաթափ են եղել և դադարում են պայքարել կյանքի համար։

Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի ֆոնին չպետք է մոռանալ նաև ուռուցքաբանական, սրտաբանական հիվանդություններ, շաքարային դիաբետ, ընդհանուր թոքաբորբ, ասթմա ունեցողներին:

Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 864 639 դեպք, որից 115 101-ը՝ մահվան ելքով։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 2578 մարդ, գրանցվել է մահվան 25 դեպք։