Կադիրովն ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին որպես պատիժ դաշտային աշխատանքների կուղարկի. Lenta.ru

10:22 • 13.04.20

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին որպես պատիժ դաշտային աշխատանքների է ուղարկելու, հայտնում է lenta.ru կայքը։

Նրա խոսքով՝  հարազատներից մեկի կողմից՝  ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում արդար չի լինի ամբողջ ընտանիքին պատժելը, ուստի՝ Կադիրովը տուգանքների փոխարեն պատժի այլ տարբերակ է առաջարկել։

«Չէ՞ր կարողանում տանը նստել ու դու՞րս է եկել։ Ուրեմն թող ամբողջ օրը դաշտում աշխատի և օգուտ բերի։ Նրա համար աշխատանք կգտնենք։ Թող դաշտերը հերկի, ցանք անի և բերք աճեցնի»,- նշել է Կադիրովը և հավելել, որ նման մարդիկ մինչև Ռուսաստանում համավարակի ավարտը տուն չեն վերադառնալու։

Կադիրովը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել կարանտինային ռեժիմը խախտողների քննադատությամբ, ավելին՝ ապրիլի 6-ին նա ուժայիններին գովել էր ռեժիմը խախտողներից մեկին ծեծի ենթարկելու համար՝ խոստանալով խրախուսել նրանց։ 

«Ավելի լավ է մեկին հարվածեմ, քան հազար հոգու թաղեմ, այդ պատճառով էլ խիստ միջոցառումներ եմ ձեռնարկում։ Ում պետք է՝ կծեծեմ մահակով, բանտ կնստեցնեմ, նկուղ կնետեմ, բայց կպաշտպանեմ ազգս»,- հայտարարել է Կադիրովը։

Չեչնիան Ռուսաստանի առաջին շրջանն է, որը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար փակել է երկրի սահմանները։