Պետք է ինչ-որ մեխանիզմ գտնենք՝ երկարաձգելու այն փաստաթղթերի ու տեղեկանքների ժամկետները, որոնք լրանում են արտակարգ դրության ժամանակ. Արման Աբովյան

11:55 • 13.04.20

«Դեղերի մասին օրենքում» փոփոխություն կատարելու օրինագիծը բացահայտեց մի շատ կարևոր նյուանս․ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնց ժամկետները ՀՀ քաղաքացիներն այս արտակարգ դրության իրավիճակում հնարավորություն չունեն երկարացնել՝ սկսած անձնագրերից, վերջացրած տարբեր տեղեկանքներով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթերը քաղաքացիները ստանում են տարբեր գերատեսչություններից․ «ավելի ճիշտ՝ արդեն իսկ ստացել են, իսկ այդ փաստաթղթերի ժամկետները լրանում են»:

Նա նշեց, որ ուսումնասիրել է հարցը, այն ունի մի քանի լուծման տարբերակ. «Ամենակարճ լուծման տարբերակն իշխանության կողմից հատուկ որոշումների ցանկն է: Պետք է ինչ-որ մեխանիզմ գտնենք, որ այն փաստաթղթերն ու տեղեկանքները, որոնց ժամկետը արտակարգ դրության ժամանակ լրանում է, երկարձգվեն, մանավանդ որ կան տեղեկանքներ, որոնք ստանալու համար մարդիկ պետական վճարումներ էին անում և հիմա օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում այս կամ այն գերատեսչություն ներկայացնել»,- ասաց նա:

Նշենք, որ կառավարություն առաջարկում է դեղերի մասին օրենքում փոփոխություն կատարել, որով հնարավորություն կտրվի մեծածախ վաճառքի դեպքում առանց լիցենզիայի վաճառքը իրականացնել, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված լիցենզիա ստանալն անհնար է: