Կառավարությունն առաջարկում է դեղերի մեծածախ վաճառքի դեպքում հանել լիցենզավորման պարտադիր պահանջը

11:48 • 13.04.20

Լուսանկարում՝ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը


Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում  ԱԺ-ն ընդունեց օրակարգի հարցերը հրատապ ռեժիմով քննարկելու առաջարկը: Օրակարգում երկու հարց է՝ «Դեղերի մասին օրենքում», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին հարցերը:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ինչպես հայտնի է, ՀՀ-ում սահմանափակվել է անձանց տեղաշարժի, ինչպես նաև պետական կառավարման մարմինների հետ անմիջական շփում պարունակող գործունեությունը, ինչը էական խոչընդոտ է դեղերի մեծածախ վաճառքի լիցենզավորման գործընթացի կազմակերպման  համար: «Մեր մեծածախ ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություն, եթե փոփոխություն չկատարենք, ապրիլի 15-ին ուժի մեջ կմտնի լիցենզավորման պարտադիր պահանջը և տնտեսվարողները խնդիր կունենան»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագծին, փոխնախարարն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ծավալների մեծացման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործման, ինչպես նաև այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների` կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը ներգրավման:

«Այսինքն՝ նախատեսվում է լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել և լրացուցիչ մասնագետների վերապատրաստման արդյունքում, ներգրավել աշխատանքներին»,- ասաց Ավանեսյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, դիմելով  փոխնախարարին, ասաց, որ իր կարծիքով՝ նման քայլերն ուշացած են: Ավանեսյանն էլ նշեց. «Չեմ կարծում՝ ուշացած է, որովհետև մասնագետների և լրացուցիչ մահճակալային ֆոնդերի ներգրավման աշխատանքներն սկսվել են: Ունենք արդան 1400 մահճակալ: Այստեղ հարցը նրանում է, որ լրացուցիչ, ավել այլ բժշկական կազմակերպություններ ներգրավվեն և եթե չունի տվյալ կազմակերպությունը ինֆեկցիոն տեսակի լիցենզավորում, ապա նա ևս կարողանա ներգրավվել և ապահովել այս պացիենտների բուժօգնությունը»:

Սասուն Միքյալեյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք ժամանակը չէ բժշկական հատուկ մանգետներից կոմիտե ստեղծել, որը կենթարկվի պարետին: Բացի այդ պատգամավորը նշեց, որ իր կարծիքով դիահերձումը ՀՀ-ում անհրաժեշտ է, և եթե չկա համապատասխան դիահերձարան, պետք է կառուցվի: Փոխնախարարը նշեց, որ աշխատանքներ տարվում են դիահերձարանի վերանորոգման և ժամանակի բոլոր պահանջներին համապատասխան դիահերձարան ունենալու: «Առաջիկայում կունենանք նման դիահերձարան: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, այս կազմակերպությունները, արդեն իսկ առողջապահության նախարարի ենթակայության տակ են, նրանց ընդհանուր ղեկավարումը իրականացնում է ԱՆ-ն»,- ասաց նա: