Արտակարգ դրության պայմաններում իրավախախտումը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք. ՏՄՊՊՀ զգուշացումը տնտեսվարողներին (տեսանյութ)
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:
ՏՄՊՊՀ-ն նաև տեղեկացնում է, որ արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:
«2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին:
Տեղեկացնում ենք նաև, որ հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է իրականացնում շուկայում և արձագանքելու է հնարավոր իրավախախտման բոլոր դեպքերին: Իրավախախտում թույլ տված որևէ տնտեսվարող չի խուսափելու պատասխանատվությունից»,- ասվում է ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրությունում:
Որոշմանը կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.competition.am:
Մանրամասները՝ հոլովակում:










