Հնդկաստանում օտարերկրյա զբոսաշրջիկներին ստիպել են 500 անգամ գրավոր ներողություն խնդրել կարանտինի պայմանները խախտելու համար. Daily Mail (լուսանկարներ)
Հնդիկ իրավապահները Իսրայելից, Մեքսիկայից, Ավստրալիայից և Ավստրիայից ժամանած տասը զբոսաշրջիկի ստիպել են 500-ական անգամ ներողություն խնդրել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման նպատակով սահմանված կարանտինի պայմանները խախտելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երկրի իշխանությունները մարտի վերջին երկրի ամբողջ տարածքում սահմանափակել են բնակիչների տեղաշարժը՝ նրանց կարգադրելով տնից դուրս գալ միայն մթերք կամ դեղամիջոց գնելու նպատակով:
Մինչդեռ զբոսաշրջիկներին տեսնելով Ռիշիկեշ քաղաքի փողոցներով զբոսնելիս՝ ոստիկանները որպես պատիժ նրանցից յուրաքանչյուրին ստիպել են հինգ հարյուր անգամ թղթի վրա գրել հետևյալ նախադասությունը.«Չեմ հետևել կարանտինի պահպանման կանոններին, ուստի՝ ներողություն եմ խնդրում»:
Պարբերականը հավելում է, որ Հնդկաստանում ոստիկանները բնակիչներին տանը պահելու համար տարբեր միջոցների են դիմում՝ կորոնավիրուսի տեսքով գլխարկներ կրելուց մինչև մահակներով ծեծ:















