Էրդողանը չի ընդունել ներքին գործերի նախարարի՝ կորոնավիրուսի ֆոնին ներկայացրած հրաժարականը

09:43 • 13.04.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ կորոնավիրուսի ֆոնին երկրի ներքին գործերի  նախարար Սուլեյման Սոյլուի ներկայացրած հրաժարականը չի ընդունվել: Սոյլուն հրաժարական էր ներկայացրել երկրում պարետային ժամ հայտարարելուց հետո իր հասցեին հնչած քննադատությունների ֆոնին, տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը:

Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Սուլեյման Սոյլուն, որը նախարար է նշանակվել 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո, մինչ օրս կատարված գերազանց աշխատանքի շնորհիվ արժանացել է ազգի վստահությանը:

«Մեր նախարարը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ մեր նախագահը հայտնել է, որ այդ դիմումը բավարարելը նպատակահարմար չի համարում: Նախարարը դիմումը ներկայացրել է իր հայեցողությամբ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացներ նախագահը: Ներքին գործերի նախարարի հրաժարականը չի ընդունվել, նա կշարունակի կատարել իր պարտականությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն ապրիլի 10-ի ուշ երեկոյան հայտարարել էր, որ երկրի 31 նահանգի, այդ թվում՝ Անկարայի, Ստամբուլի և Անթալիայի բնակիչներին ապրիլի 11-ին և 12-ին արգելվում է փողոց դուրս գալ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից քննադատություն էր հնչել այս որոշման վերաբերյալ, այն հիմքով, որ անսպասելի կատարված հայտարարությունը նոր հերթեր է առաջացրել մթերային խանութներում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի կորոնավիրուսի տարածմանը: