Մարալիկի հիվանդանոցի 9 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ մարզպետ
Շիրակի մարզի Մարալիկի բժշկական կենտրոնի 9 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Բուժաշխատողները թեստավորվել են, քանի որ մեկ օր առաջ անձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ դրական էր եղել պատասխանը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով նրա հետ կոնտակտ ունեցած անձնակազմի ներկայացուցիչների թեստավորում է իրականացվել պլանային։ Արդյունքում անձնակազմի 9 ներկայացուցչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն»,- նշեց մարզպետը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1111-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:










