Այդ տրամաբանությամբ պետք է բռնագրավեինք ՌԴ-ի տարածքով թռչող հումանիտար բեռները, ինչպես արել են որոշ երկրներ. Լավրովն արձագանքել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների պակասի մասին հայտարարություններին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանն օգնում է այլ երկրներին պայքարել վիրուսի դեմ ոչ ի վնաս իրեն:
«Որպես օգնություն համապատասխան միջոցների և սարքավորումների հատկացման մասին որոշումները կայացվում են Ռուսաստանում առկա պահանջարկին համապատասխան: Իհարկե հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ներկա պահին արագացված տեմպով իրականացվում է մեզ անհրաժեշտ շնչառական և այլ սարքերի արտադրությունը: Մենք կապի մեջ ենք ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ, նրանք այդ հարցով զբաղվում են օր ու գիշեր»,- ասել է Լավրովը Коммерсантъ-ին տված հարցազրույցում:
Վերջինս հավելել է, որ «չէր առաջնորդվի «մեզ չի բավականացնում» տրամաբանությամբ»՝ դա «գայթակղություն» անվանելով: «Այդ տրամաբանությամբ պետք է բռնագրավեինք Ռուսաստանի տարածքով թռչող հումանիտար բեռները, ինչպես դա արել են որոշ երկրներ: Չեմ կարծում, որ դա ամրապնդում է հեղինակությունը», - ասել է ռուս նախարարը:










