Գերմանիայում երկրորդ օրն անընդմեջ արձանագրվում է կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թվի աճ․ Daily Mail

13:00 • 16.04.20

Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ամենաբարձր ցուցանիշը։ Հինգշաբթի երկիրը հայտարարել է վիրուսի հետևանքով մահվան 315 դեպքի մասին․ Գերմանիայում զոհերի ընդհանուր թիվը հասել է 3 569-ի, գրում է Daily Mail-ը։

Հիվանդության նոր դեպքերի թիվը նույնպես աճել է՝ 2866 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 127 584-ից հասել է 130 450-ի: Սա նշանակում է, որ հիվանդության դեպքերի թիվն աճել է 9,7 տոկոսով։

Թեև երկրում նախորդ շաբաթ վարակվածության մակարդակի նվազումը գերմանացիներին ստիպել էր հավատալ, որ կորոնավիրուսի պիկն այլևս անցյալում է, սակայն վերջին օրերի տվյալները հուշում են, որ պիկը դեռ առջևում է, գրում է աղբյուրը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի հայտարարել է, որ Գերմանիան հաջորդ շաբաթվանից կսկսի թուլացնել կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումները։ Նրա խոսքով՝ սկզբում կբացվեն փոքր խանութները, իսկ մայիսի սկզբին՝ դպրոցները։ Սակայն Մերկելը կոչ է արել հանրային վայրերում և խանութներում դիմակներ կրել։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 084 042 է, մահացել է 134 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: