«Դժվար է պատկերացնել մոտ ժամանակներս նման միջոցառումների անցկացումը». Լոս Անջելեսի և Նյու Յորքի քաղաքապետերը հայտնել են զանգվածային միջոցառումների անցկացման արգելքի երկարաձգման մասին
Լոս Անջելեսի և Նյու Յորքի քաղաքապետերը հայտարարել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հաղթահարման համար քաղաքներում զանգվածային միջոցառումները, ինչպիսին համերգներն ու մարզական իրադարձություններն են, դեռևս ամիսներ տեղի չեն ունենա, հայտնում է CNN լրատվականը։
«Դժվար է պատկերացնել մոտ ժամանակներս հազարավոր ներկաներով միջոցառումների անցկացումը»,- չորեքշաբթի նշել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին և հավելել, որ հնարավոր է նման սահմանափակումները գործեն մինչև 2021 թվականը, սակայն պատվաստանյութի հասանելիության դեպքում որոշումը կվերանայվի։

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն՝ մատնանշելով, որ այս ամառ լողափերը կարող են դատարկ մնալ, հայտնում է Daily Mail պարբերականը։

«Ես ցանկանում եմ, որ մարդիկ վերադառնան իրենց աշխատանքին, երեխաները վերադառնան դպրոցներ, սակայն կարծում եմ, որ հաջորդաբար այդ ամենին անցնելու համար ամիսներ անհրաժեշտ կլինեն»,- հավելել է նա։
«Պետք է շատ դանդաղ և զգույշ ամեն բան անենք, որպեսզի ճիշտ ուղղությամբ գնանք․․․ Ինձ համար առաջին տեղում նյույորքցիների ապահովության և առողջության երաշխիքն է, ուստի պետք է վստահ լինենք, որ ժամանակից շուտ չենք վերադառնում հին կյանքին»,-նշել է քաղաքապետը։










