Ճապոնիայում հայտնաբերվել է երկրի պատմության մեջ կոկաինի խոշորագույն խմբաքանակը

04:34 • 16.04.20

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի մաքսային ծառայությունները կալանքի տակ են առել պատմության մեջ կոկաինի փոխադրման ամենախոշոր՝ մոտ 700 կգ խմբաքանակը: Թմրանյութերը հայտնաբերվել են նավահանգստում գտնվող նավում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Kyodo գործակալությանը:

Նշվում է, որ մաքսանենգները կոկաինը թաքցրել են բանանների համար կոնտեյներներում, սակայն չի հաղորդվում, թե նավը որտեղից է ժամանել:

Փորձագետների գնահատմամբ՝ սև շուկայում խմբաքանակի գինը կազմում է մոտ 130 միլիոն դոլար:

Ճապոնական ոստիկանությունը ենթադրում է, որ բեռի փոխադրմանը մասնակից է միջազգային խոշոր մաքսանենգների խմբավորում: Նաև չի բացառվում, որ բեռը նախատեսված չի եղել Ճապոնիայի համար, այլ հանցագործներին պարզապես չի հաջողվել այն հասցնել պատվիրատուին: