Ես ոչինչ չունեմ թաքցնելու, եկել է այն ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին (տեսանյութ)

13:54 • 16.04.20

Ես ոչինչ չունեմ թաքցնելու, եկել է այն ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Այս մասին ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հնձնաժողովին ներկայանալուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հարգելի լրագրողներ, ուզում եմ, որ դուք հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու մեր  լրատվամիջոցների հետ»,-նշեց նա:

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ դիմել է հանձնաժողովին՝ իր մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար է համարել նիստն անցկացնել ապրիլի 16-ին:

«Արտակարգ դրությունն էլ երկարացվեց, ուստի, ես փաստորեն այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա, մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ էլ մեր հանրությանը, ուստի ես խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում, և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ իրավիճակը փոքր-ինչ հարթելու համար, իր գրասենյակը քիչ անց հայտարարություն կտարածի: