Թրամփի անունը կտպվի 70 միլիոն ամերիկացու համար նախատեսված նյութական աջակցության կտրոնների վրա. The Washington Post
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարգադրել է ամերիկացիներին տրամադրվող պետական օգնության կտրոնների վրա նախագահ Դոնալդ Թրամփի անունը տպել, հայտնում է The Washington Post պարբերականը։
Պարբերականը հղում է անում ԱՄՆ հարկային ծառայությունում աղբյուրի՝ նշելով, որ նման պահանջ հենց նախագահ Թրամփն է ներկայացրել, իսկ հարկային ծառայության համար նման որոշումն աննախադեպ է։
«Ֆինանսների նախարարությունը կարգադրել է, որ Թրամփի անունը տպված լինի օգնության կտրոնների վրա, որը հարկային ծառայությունը պատրաստվում է տասնյակ միլիոնավոր ամերիկացիների ուղարկել»,- ասվում է հայտարարության մեջ։
1200 ԱՄՆ դոլարի չափով նյութական օգնության կտրոնները մոտ 70 միլիոն ամերիկացի կստանա․ դրանց վրա գրված կլինի «Դոնալդ․ Ջ․ Թրամփ»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ տնտեսական ցուցանիշները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին ռեկորդային տեմպերով են անկում ապրում։ Արդյունաբերական արտադրանքը մարտին 74 տարվա մեջ առավելագույն տեմպերով է նվազել, իսկ մանրածախ առևտուրը՝ 28 տարվա մեջ առավելագույն տեմպերով։










