«Որտեղ էլ որ կորոնավիրուսն առաջացած լինի, այն եկել է Չինաստանից». Թրամփը հայտնել է կորոնավիրուսի ծագման վարկածի վերաբերյալ ԱՄՆ-ում սկսված հետաքննության մասին

11:11 • 18.04.20

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը դիտարկում է վարկածն առ այն, որ COVID-19 կորոնավիրուսն առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, և մտադիր է պարզել դրա ծագումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում, սակայն տարվում են շատ հետաքննություններ, և մենք մտադիր ենք իմանալ վիրուսի ծագման մասին: Այն ամենը, ինչ կարող եմ ասել, որտեղ էլ որ այն առաջացած լինի, այն եկել է Չինաստանից... 184 երկիր այժմ տառապում է դրա պատճառով»,- ասել է Թրամփը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ որքան ակտիվ է տարվում հետաքննությունը վարկածի, որ հենց Ուհանի լաբորատորիայից է տեղի ունեցել վիրուսի արտահոսքը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Fox News հեռուստաալիքը, ԱՄՆ-ն լայնամասշտաբ հետաքննություն է իրականացնում պարզելու համար, թե արդյոք Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիան է դարձել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման աղբյուր:  
Աղբյուրների հաղորդմամբ՝ հետախուզական ծառայությունների գործակալները լաբորատորիայի և կորոնավիրուսի նախնական բռնկման մասին տեղեկություններ են հավաքում, իսկ վերլուծաբաններն իրենց հերթին «տեղի ունեցածի իրական պատկերն են վերականգնում»:

Հետաքննության արդյունքները ներկայացվելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախմբին: Սպիտակ տունը հետաքննության ընթացքում ստացվածը կօգտագործի համավարակի հարցում Չինաստանին պատասխանատվության ենթարկելու համար: