Եթե սահմանափակումների վերացումից հետո լինի վերջին մեկ ամսվա կարանտինի նման, երբ ով ինչ ուզում, անում էր, ապա կարանտինում մնալն ու եղած միջոցառումները դառնում են անիմաստ. համաճարակաբան
Սահմանափակումների վերացումից հետո կարող ենք ունենալ երեք պատկեր՝ կա՛մ թվերը կշարունակեն աճել, միգուցե՝ ավելի կտրուկ, ինչը վատագույն տարբերակն է, կա՛մ կշարունակվի նույն դինամիկան, կա՛մ աստիճանաբար կսկսի նվազել, որն այս պարագայում ամենալավ տարբերակն է, բայց ամենաքիչ հավանականը: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը՝ մայիսի 4-ից վերացնել սահմանափակումների մեծ մասն ու թույլ տալ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Նրա դիտարկմամբ՝ սահմանափակումներից աստիճանաբար դուրս գալն անհրաժեշտ է, որովհետև հավերժ հնարավոր չէ մնալ կարանտինում, բայց այդ ընթացքը շատ կարևոր է խելամիտ կերպով անել: «Երբ մարդիկ վերադառնում են իրենց նախկին գործունեությանը, ակտիվությանը, որոշ միջոցառումներ ամեն դեպքում պետք է կատարավեն: Օրինակ՝ անընդհատ ախտահանել աշխատավայրերը, որոշակի կանոնների փոփոխություն կատարել աշխատանքում, միգուցե աշխատանքի վերականգնումն էլ աստիճանական արվի: Օրինակ՝ աշխատանքային օրը միանգամից ոչ թե լիարժեք ութժամյա լինի, այլ ավելի կարճ»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե նույն կանոնների պահպանումը պետք է լինի նաև հանրային տրանսպորտի աշխատանքի վերականգնումից հետո:
«Երբ հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվի, պետք է օրական մի քանի անգամ ախտահանել, հետևել, որ մեքենաները գերծանրաբեռնված չլինեն, պահպանվեն անվտանգության մինիմալ նորմերը: Թե որքանով հնարավոր կլինի այդ կանոնները պահպանել, ոչ միայն բոլորիս, այլև պարետատան խնդիրն է, որը պետք է հավելյալ միջոցառումներ իրականացնի»,-նշեց նա:
Զաքարյանի խոսքով՝ եթե սահմանափակումների վերացումից հետո լինի այն նույն կարանտինային վիճակը, որը վերջին մեկ ամսում էր, երբ ով ինչ ուզում, անում էր, մարդկանց ազատ տեղաշարժ կար, խանութներում կուտակումներ կային, բնականաբար կարանտինում մնալն ընդհանարապես անիմաստ է դառնում, հավելյալ միջոցառումները՝ նույնպես: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես պարետատան կողմից կիրականացվի կանոնների պահպանումն ու վերահսկողությունը: Միջոցառում կազմակերպողները պետք է ամեն ինչ անեն, որ կազմակերպվածը 100 տոկոս արդյունավետությամբ աշխատի: Եթե միջոցառում են կազմակերպում, ու ոչ մի հսկողություն չկա, բնականաբար կարելի է սպասել, որ արդյունավետությունը ցածր կլինի»,-ասաց նա:
Համաճարակաբանը նշեց, թե այս պահին դժվար է գնահատական տալ՝ կարանտինի ընթացքը որքանով նպաստեց կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին, քանի որ հայտնի չէ՝ հակառակ դեպքում պատկերն ինչպիսի կլիներ:
«Ամեն դեպքում, միջոցառումները պետք է արվեին և պետք է ավելի շուտ սկսվեին, ոչ թե մարտի կեսերից: Երբ առաջին դեպքերը գրանցվեցին, ակնհայտ էր, որ դրանով չեն սահմանափակվելու. երբ կար ուղևորափոխադրում հատկապես այն երկրներից, որտեղ համաճարակն արդեն թափ էր առնում, պարզ էր, որ որոշակի ժամանակ հետո մեզ մոտ էլ է սկսելու արագ աճ գրանցվել: Սա մեր սխալն էր, միգուցե այդ պարագայում հիմա ավելի քիչ տարածում լիներ, դինամիկան՝ ավելի դանդաղ»,-ասաց նա:










