Հատուկ ծառայությունները Չեխիայում «Россотрудничествo»-ի ներկայացուցչին կասկածում են Պրահայի քաղաքապետի դեմ մահափորձ իրականացնելու նպատակով թույն տեղափոխելու համար

12:58 • 11.05.20

Մայիսի 10-ին չեխական CT1 հեռուստաընկերության «168 ժամ» հաղորդման լրագրողները, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկացրել են ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի անունը, որը կասկածվում է Պրահա-6 աշխատակազմի ղեկավար Օնդրժեյ Կոլարժի և Պրահայի քաղաքապետ Զդենեկ Գրժիբի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով ռիցին թույնի փոխադրման համար: Այս մասին գրում է theins.ru կայքը:

Կասկածյալը Չեխիայում «Россотрудничествo»-ի ներկայացուցչության ղեկավարի պարտականությունները կատարող Անդրեյ Կոնչակովն է:

Հեռուստատեսության՝ իրավապահ մարմիններում առկա աղբյուրների համաձայն՝ այլ երկրների հատուկ ծառայություններն իրենց չեխ գործընկերներին զգուշացրել են, որ Կոնչակովը մարտի 14-ին Պրահա է ժամանել և դիվանագիտական բեռի միջոցով թույն է մտցրել երկիր:

Կոնչակովն իսկապես մարտի 14-ին ժամանել է Պրահա, բայց նրան չեն կանգնեցրել և նույնիսկ չեն ստուգել ուղեբեռը ՝ վախենալով, որ ստացված տեղեկատվությունը կարող է լինել ապատեղեկատվական արշավի մաս, որպեսզի խաթարվի հատուկ ծառայությունների նկատմամբ վստահությունը: Աղբյուրների համաձայն՝ Կոնչակովին օդանավակայանում դիմավորել է ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Անտոնովը, նրանք միասին օդանավակայանից գնացել են դեսպանատուն (ինչը անսովոր է, առավել ևս, որ մարտի 14-ը շաբաթ օր է եղել): Կոնչակովին պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել, նա մինչև հիմա էլ գտնվում է Պրահայում, սակայն հրաժարվել է մեկնաբանել լուրերը:

Կոնչակովի Պրահա ժամանելու պահից չեխական հատուկ ծառայությունները հսկողության տակ են վերցրել Օնդրժեյ Կոլարժին և Զդենեկ Գրժիբին, նրանք չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից ինչպես առաջ, և ստիպված են աշխատանքի գնալ մեքենայով: