Իշխանություններն ուզում են «նոր Հայաստան-նոր ՄԻՊ» արշավ իրականացնել. Լարիսա Ալավերդյանը՝ իշխանության պատգամավորի՝ Արման Թաթոյանի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու հայտարարության մասին

14:05 • 12.05.20

Իշխանությունների կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված հարցադրումներն ու հայտարարությունները, թե նա կիրառում է երկակի ստանդարտներ, խոսում են այն մասին, որ իշխանություններն  ուզում են «նոր Հայաստան, նոր հայրապետ», «նոր Հայաստան, նոր ՍԴ» ձևով «նոր Հայաստան-նոր ՄԻՊ» արշավ իրականացնել:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցի ներկայացմանն ու իշխանական պատգամավորների կողմից դրան հաջորդած դիտարկումներին, թե Թաթոյանը որոշ դեպքերում երկակի ստանդարտներ է կիրառում, իշխանության ու ընդդիմության հանդեպ ոչ նույնական արձագանք ցուցաբերում:

«Իրեն նոր գաղափարների կրող հայտարարած ուժը բազմաթիվ նմանություններ ունի իր ու ժողովրդի կողմից  դատապարտված ուժի հետ: Կարծես թե իրենք ծնվել են 2018թ. և տեղյակ չեն՝ ինչ է տեղի ունեցել մինչ այդ՝ նույն ԱԺ-ում: Հավանաբար, կան անձինք, որոնց իշխանությունն ուզում է տեսնել ՄԻՊ պաշտոնում: Նրանք այն իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք, պարզվում է, ոչ թե մարդու իրավունքների ոլորտում բացասական երևույթների դեմ էին պայքարում, այլ՝ անձանց դեմ: Նրանք, ովքեր այնքան ակտիվ էին, այսօր արձագանքում են հատուկենտ դեպքերում: Այդ քար լռությունը խոսում է այն մասին, որ նրանք վաղուց մարդու իրավունքների դաշտի ներկայացուցիչ չեն, այլ՝ այս իշխանությունների կցորդ»,-ասաց Ալավերդյանը՝ ընդգծելով, թե ՄԻՊ-երի դեմ հետապնդումները խոսում են այն մասին, որ երկրում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունն իմիտացիոն բնույթ են կրում:

ՀՀ առաջին ՄԻՊ-ը նշեց՝ լսելով Թաթոյանին ուղղված հարցադրումներն ու կոչերը՝ կրկնվող սյուժեի տպավորություն է ստացել:

«Այսպիսի կեցվածքն աննախադեպ չէ ՀՀ տարբեր գումարումների ԱԺ-ների համար: Թե՛ ես, թե՛ մյուս ՄԻՊ-երը միշտ երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեղադրանք ենք ստացել: ՄԻՊ-ը պաշտպանում է այն կողմին, որի վրա ճնշումներ կամ հետապնդումներ կան, իսկ քանի որ իշխանությունն ինքն իրեն չի կարող հետապնդել, ապա հետապնդումների, ճնշումների ներքո միշտ հայտնվում են ընդդիմադիր ուժերը: Իշխանությունն ինքն իրեն ճնշել կամ ինչ-որ իրավունքներից զրկել չի կարող: Զրկվածի, ճնշվածի կամ հետապնվողի կարգավիճակում միշտ հայտնվում է ընդդիմությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, թե ՄԻՊ-ն անձ է, որ ամբողջովին պետք է հետևի օրենքին և գործի դրա տառին ու ոգուն համապատասխան:

Դիտարկմանը, թե օրերս ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը շարունակաբար բռնության է ենթարկվում, Ալավերդյանն արձագանքեց, թե այդ հայտարարությունը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան անգրագետ:

«Դա պարզապեսո հնարավոր չէ: Եթե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան բռնություն է անվանում, ապա իշխանությունները տեղում չեն: Եթե բռնությունն իրավական առումով ապացուցվում է, պետք է արձագանք լինի, ոչ թե լրագրողական դիտարկում: Նրանք չունեն իրավական հիմք, դրա համար իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, ամենաանգրագետ խավին կոչ է անում պաշտպանել իրենց, ինչը շատ վտանգավոր բան է: Իշխանությունն ունի ամբողջական հնարավորություններ՝ իր հանդեպ բռնության դեպքում իրավական գործընթաց սկսելու համար: Քանի որ դա չկա, Փաշինյանը դիմում է հերթական մանիպուլյատիվ տեխնոլոգիայի կիրառմանը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ Թաթոյանն ԱԺ-ում, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դիտարկումներին, հայտարարել էր, որ ՄԻՊ պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ քաղաքացուն, ինչ-որ դեպքերում՝ ընդդիմությանը: