Սիրիայում ռուս-թուրքական պարեկային խմբի ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
Սիրիական Իդլիբում ռուս-թուրքական համատեղ պարեկային խմբի ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Idlib Plus-ի թվիթերյան օգտահաշիվը:
Նշվում է, որ տեղի բնակիչները պարեկային խմբի ուղղությամբ ձվեր են նետել: Թուրք զինծառայողները լուսաձայնային նռնակներ են կիրառել, որպեսզի ցրեն բողոքավորներին, ինչից հետո լսվել է պայթյունը:
Նշվում է, որ դեպքի վայրում հնարավոր է պայթած լինի ինքնաշեն պայթուցիկ սարք կամ անհայտ անձինք կրակած լինեն նռնականետից: Նախնական տվյալների համաձայն՝ տուժողներ չեն եղել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մարտի 5-ին Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության հասնել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված հուշագրով, որն, ի դեպ, ողջունվել է ԱՄՆ կողմից, ճանաչվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, վերահաստատվել է միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը հասնելու հանձնառությունը, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել մարտի 6-ի կեսգիշերից ամբողջ շրջանում զինադադարի հաստատման մասին: Կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի, որը ձգվելու է Սիրիայի М-4 մայրուղու շուրջ՝ վեց կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպի հարավ: Բացի այդ, նրանք պայմանավորվել են մարտի 15-ից համատեղ պարեկություն սկսել Սիրիայի М-4 տարածքի շրջանում։
Տեսանյութն` այստեղ:










