Լեսոտոյի՝ նախկին կնոջ սպանության համար կասկածվող վարչապետը հրաժարական կտա
Հարավաֆրիկյան Լեսոտոյի թագավորության վարչապետ Թոմաս Տաբանեն, որը կասկածվում է նախկին կնոջ սպանության գործին մասնակցության համար, մտադիր է մայիսի 13-ին հրաժարականի դիմում ներկայացնել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով France Press գործակալությանը:
Փետրվարին 80-ամյա Տաբանեն հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնը կլքի հուլիսին: Ոստիկանությունը նրան կասկածում է 2017 թվականին իր նախկին կնոջ սպանության գործին մասնակցություն ունենալու համար:
Ֆրանսիական գործակալությանը տված հարցազրույցում վարչապետը նշել է, որ պաշտոնը լքելու իր որոշումը կապված է տարիքի հետ:
Վարչապետի կառավարությունն արդեն ցրվել է այս շաբաթ. մայիսի 22-ին Լեսոտոյի խորհրդարանը պետք է նոր կառավարություն ձևավորի և ընտրի դրա ղեկավարին: Տաբանեի կուսակցությունը վարչապետի թեկնածու է ներկայացրել ֆինանսների նախարար Մոեկետսի Մայորոին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ամուսնալուծության լարված գործընթացի ֆոնին 2017 թվականին Լեսոտոյի մայրաքաղաք Մասերուում` իր տան մոտակայքում, գնդակահարվել էր վարչապետի նախկին կինը` Լիպոլելո Տաբանեն: Այս տարվա հունվարին ոստիկանությունը պահանջել է վարչապետի ներկայիս կնոջից` Մեսայա Տաբանեից, ներկայանալ հարցաքննության, սակայն նա անհետացել է: Հետագայում նա հանձնվել է ոստիկանությանը, ապա` գրավով ազատ արձակվել:










