Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 140 000 մարդ է տարհանվել (լուսանկարներ)

17:37 • 15.05.20

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 140 000 մարդ է տարհանվել, հայտնում է AFP-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ «Վոնգֆոնգ» թայֆունի ժամանակ մարդկանց մեծ մասը կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի շրջանակում ինքնամեկուսացած է եղել։

Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով իրենց տները ստիպված են եղել լքել առնվազն 141 700 մարդ։ Սակայն այս օրերին ամենամեծ խնդիրն այն է, որ սովորաբար նման աղետների ժամանակ որպես կացարաններ օգտագործվող վայրերը վերափոխվել են կարանտինային գոտիների, որտեղ մարդիկ չեն կարող տեղափոխվել։

«Ստիպված ենք դիմակներ կրել ու սոցիալական հեռավորություն պահել։ Շատ դժվար է դրան հասնելը, քանի որ տարհանվածները սթրեսի մեջ են։ Սակայն մենք մեզնից կախված ամեն բան անում ենք»,- նշել է տեղի ոստիկանական աշխատակիցը։

Բարեբախտաբար, թայֆունը երկրի՝ կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնում չի եղել․ այդտեղ շատ վարակակիրներ չկան։ Կառավարությունն իր հերթին խոստացել է մարդկանց անհրաժեշտ դիմակներով ու կացարաններով ապահովել։

Ֆիլիպիններում, վերջին տեղեկությունների համաձայն, գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 12 000 դեպք, մահացել է 806, ապաքինվել՝ 2460 մարդ։