2 մլն բնակչությամբ Սլովենիան դարձել է կորոնավիրուսը հաղթահարած առաջին եվրոպական երկիրը

12:12 • 15.05.20

Սլովենիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է երկրի տարածքում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին՝  դառնալով կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրը Եվրոպայում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Հայտարարությունն արվել է նրանից հետո, երբ երկու շաբաթ շարունակ 2 մլն բնակչությամբ երկրում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7-ից  քիչ դեպք:

«Այսօր Սլովենիան լավագույն համաճարակային պատկերն ունի Եվրոպայում»,-հայտարարել է երկրի վարչապետ Յանեզ Յանշան:

Եվրոպական Միության այլ երկրներից Սլովենիա եկող մարդիկ այլևս պարտավոր չեն լինի նվազագույնը 7 օր կարանտին անցնել, ինչպես արվում էր ապրիլին: Միևնույն ժամանակ կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող արտասահմանցիներին առաջվա պես թույլ չի տրվի մուտք գործել երկիր: Նվազագույնը 14-օրյա կարանտինը ուժի մեջ կմնա երկիր մուտք գործող ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար` բացառությամբ դիվանագետների և բեռնափոխադրումներով զբաղվող անձանց:

«Քաղաքացիները առաջվա պես պետք է շարունակեն հետևել հիմնական կանոններին` չեզոքացնելու համար վարակի տարածումը»,-հայտարարել են կառավարությունում:

Համաճարակի ավարտը նշանակում է, որ որոշ քայլեր, ներառյալ քաղաքացիներին և կազմակերպություններին հատկացվող ֆինանսական օգնությունը ավարտվում է մայիսի վերջին:

Համաճարակի սկզբից Սլովենիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1464 և մահվան 103 դեպք: