Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 75 000-ից

17:30 • 15.05.20

Աֆրիկյան մայրցամաքում ավելի քան 75 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահվան դեպքերի թիվը գերազանցել է 2500-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությանը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 75 498-ի, մահացել է 2561 մարդ: Առողջացածների թիվը գերազանցել է 27 000-ը:

Մայրցամաքում ամենաշատ վարակման դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (12 379), Եգիպտոսում (10 829), Մարոկկոյում (6593), Ալժիրում (6442), Գանայում (5530) և Նիգերիայում (5162):

Մահվան դեպքերի թվով առաջատարները Եգիպտոսը (571 դեպք) և Ալժիրն են (529 դեպք):  

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 556 956 է, մահացել է 304 201 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: