Ադրբեջանը մեղմում է սահմանափակումները. չեղարկվում է SMS-ի միջոցով թույլտվություն ստանալու և 65-ն անց մարդկանց տնից դուրս գալու արգելքը, բացվում են ռեստորաններն ու սրճարանները
Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սանիտարահամաճարակաբանական իրավիճակից, բնակչության վարակման դեպքերի ընդհանուր թվի և հիվանդների ապաքինման դինամիկայից ելնելով՝ որոշում է կայացվել չեղարկել կարանտինային հատուկ ռեժիմի շրջանակում ընդունված մի շարք սահմանափակումներ, հայտնում է minval.az կայքը՝ հղում տալով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մայիսի 18-ի կեսգիշերից սկսած Բաքու, Սումգայիթ, Գյանջա (Գանձակ) և մի շարք այլ քաղաքներում չեղարկվում է տեղաշարժի համար SMS հաղորդագրության միջոցով թույլտվություն ստանալու, «icaze.e-gov.az» պորտալում թույլտվություն ներկայացնելու, աշխատանքի վայրից փաստաթուղթ ներկայացնելու համակարգը:
Մինչև 18.00-ն վերականգնվում է ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ինչպես նաև ծառայություններ մատուցող այլ օբյեկտների աշխատանքը։ Չեղարկվում է 65 տարեկանից մեծ մարդկանց տնից դուրս գալու արգելքը։
Կարանտինային ռեժիմի թուլացման հետ մեկտեղ, երկրում մարդկանց և ծառայությունների՝ սոցիալական հեռավորություն պահելու, ինչպես նաև սանիտարական չափանիշներին համապատասխանելու պահանջներն ուժի մեջ են մնում։










