Ամուլսարի հարցի լուծման բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և հանգուցալուծումը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

14:55 • 16.05.20

Ամուլսարի հանքի շահագործման խնդրի լուծման բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հույս ունեինք, որ Ամուլսարի հետ կապված քրեական գործը հիմա արդեն հանգուցալուծման հասած կլինի կամ գոնե առաջիկայում, բայց կորոնավիրուսն այդտեղ էլ իր բացասական դերը կատարեց, որովհետև «ԷԼԱՐԴ»-ի փորձագետները պետք է գաին, շատ կարևոր հարցաքննության մասնակցելու համար՝ այս ընթացքում բազմաթիվ կուտակված հարցերին պատասխանելու, բայց կորոնավիրուսի պատճառով նրանք չկարողացան ժամանել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2018 թ. հուլիսին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։