Թրամփը և նրա կինը հավաստագրեր են հանձնել համավարակի դեմ պայքարի գործում ներդրում ունեցած մարդկանց, սակայն պաշտպանական դիմակներ չեն կրել․ Daily Mail (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը կորոնավիրուսի համավարակին արձագանքման միջոցառման շրջանակում ուրբաթ Սպիտակ տանը ողջունել են մի խումբ սկաուտ աղջիկների, սակայն ի տարբերություն վերջինների՝ պաշտպանական դիմակ չեն կրել, գրում է Daily Mail-ը։
Աղբյուրը գրում է, որ տեր և տիկին Թրամփները միմյանց ձեռք բռնած են ժամանել Սպիտակ տան Վարդագույն այգի, որտեղ ԱՄՆ նախագահը հավաստագրեր է հանձնել սկաուտ աղջիկներին և մի խումբ անձանց, ինչպես նաև լուսանկարվել է նրանց հետ։ Հաղորդվում է, որ միջոցառումը նպատակ է ունեցել նշանավորել այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել համավարակի դեմ պայքարի գործում։
Միջոցառմանը որոշ մարդիկ անտեսել են նախազգուշական միջոցները, այդ թվում՝ նախագահ Թրամփը, որը համավարակի սկզբից ի վեր դիմակ չի կրել․ առաջին տիկինը հետևել է ամուսնու օրինակին, գրում է աղբյուրը։
ԱՄՆ առաջին տիկինը միջոցառման համար ընտրել է դիզայներ Jason Wu-ի ծաղկային տպագրությամբ սպիտակ զգեստ, որը համադրել է նարնջագույն բարձրակրունկներով։




















