Ֆրանսիական դպրոցներից մեկի ուսուցիչներն ու ծնողները դասերն անտառային պայմաններում են կազմակերպել (լուսանկարներ)

13:08 • 16.05.20

Ֆրանսիական Մոնմեյրան բնակավայրում պաշտոնյաները հրաժարվել են վերաբացել տարրական դպրոցը՝ չնայած որ Ֆրանսիայի շրջանների մեծ մասում մայիսի 11-ից սկսած մի շարք ուսումնական հաստատություններ բացել են իրենց դռներն աշակերտների առաջ։ Չցանկանալով հետ մնալ դասապրոցեսից՝ բնակավայրի ուսուցիչները և ծնողները որոշել են դասերն անտառային պայմաններում կազմակերպել, հայտնում է France Bleu լրատվականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ անտառում կահավորանքը դասասենյակի նմանությամբ է արվել․ ամրացվել են գրատախտակներ, շարքով սեղաններ ու աթոռներ են դրվել։

Նշվում է, որ իշխանությունները Մոնմեյրանի դպրոցը փակ պահելու որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ հաստատությունում չեն կարող հաճախ ախտահանման աշխատանքներ իրականացնել։

«Շենքի նախագծի պատճառով հնարավոր չէ աշակերտների հոսքն այնպես բաժանել, որ անվտանգության կանոնների համաձայն՝ նրանց ճանապարհները չհատվեն և կարողանան սոցիալական հեռավորություն պահել»,- հայտարարել է Մոնմեյրանի ղեկավար Բերնար Բրյունեն։