Ֆրանսիայում կրկին գերազանցվել է ամենաերկարատև ներքին չվերթի ռեկորդը
Ֆրանսիական French bee ավիաընկերությունը կյանքի է կոչել պատմության մեջ ամենաերկարատև, առանց վայրէջքների ներքին չվերթը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է թվիթերյան հաղորդագրությամբ:
«Համաշխարհային ռեկորդը գերազանցված է: French bee ընկերությունը հպարտությամբ հայտնում է, որ իր Airbus A350-900 օդանավը կատարել է ամենաերկար ներքին կոմերցիոն չվերթը՝ 16 ժամ 49 րոպեում անցնելով Տահիտի կղզու և Փարիզի Օրլի օդանավակայանի միջև առկա 16 129 կմ տարածությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ չվերթն իրականացվել է Airbus A350-ի շահագործման սովորական պայմաններում՝ 12 500 մետր միջին բարձրությամբ և 940 կմ/ժամ արագությամբ:
Մայիսի 12-ին տվյալ ինքնաթիռը 20 տոննա դեղամիջոցներ է տեղափոխել Ֆրանսիական Պոլինեզիա:
Հաղորդվում է, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր ընդամնեը շաբաթներ առաջ, երբ Air Tahiti ավիաընկերության ինքնաթիռը Ֆրանսիական Պոլինեզիայից չվերթ էր կատարել դեպի Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայան: Չվերթը տևել էր 16 ժամ 30 րոպե:











