«Իրականում դիտարկում ենք այդ հնարավորությունը»․ Թրամփը չի բացառել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է անվճար լինել

11:13 • 16.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վարչակազմը դիտարկում է հետագայում կորոնավիրուսի դեմ ստեղծվելիք պատվաստանյութն անվճար դարձնելու հնարավորությունը, հայտնում է Reuters գործակալությունը։

«Իրականում դիտարկում ենք այդ հնարավորությունը»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատվաստանյութը պետք է անվճար լինի։

Հայտնի է, որ ներկայում ԱՄՆ-ն կորոնավիրուսի թեստավորումն անվճար է իրականացնում։ Թրամփը նշել է նաև, որ պատվաստանյութը կարող է մինչև տարվա վերջ կամ դրանից շուտ պատրաստ լինել։

Օրերս Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը դժվար թե մինչև տարեվերջ պատրաստ լինի: 

«Լավ լուրն այն է, որ փորձագետներն աշխատում են ամբողջ աշխարհում: Մենք 100 տարբեր աշխատող խմբեր ունենք, բայց գործընթացը ժամանակատար է: Եվ խոսքն անվտանգության մասին է: Պետք է երկու բան իմանալ` այն, որ պատվաստանյութը խթանում է ճիշտ հակամարմիններին, որոնք կպաշտպանեն վիրուսի դեմ պայքարում, երբ նրա հետ բախվեն ... Եվ միևնույն ժամանակ, պետք է հասկանալ դրա անվտանգությունը, արդյո՞ք պատվաստանյութն ունի կողմնակի բարդություններ, ո՞ր պատվաստանյութն է ավելի անվտանգ»,- ասել էր Հարիսը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև 2020 թվականի ավարտը: