Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 85 000-ը

10:06 • 16.05.20

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3900 նոր դեպք, ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 85 940-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության հայտարարությանը։

Ուրբաթ օրվա դրությամբ վարակակիրների ընդհանուր թիվը եղել է 81 970, իսկ դրա նախորդ օրը՝ 78 003։ Գերատեսչության տվյալներով՝ երկրում ներկայում բուժում է ստանում 53 035 մարդ։ Կորոնավիրուսից ապաքինվել է արդեն 30 152 (2 233-ը՝ նախօրեին), մահացել՝ 2 752 մարդ (103-ը՝ նախօրեին)։

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մահարաշտրա նահանգում՝ 29 100 (1576՝ մեկ օրում), այնուհետև Թամիլնադ՝ 10 108 (434՝ մեկ օրում), Գուջարաթ՝ 9 931 (340՝ մեկ օրում) նահանգներում։

Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարությունն ինքնամեկուսացման ռեժիմը մարտի 25-ից երկարաձգել էր մինչև մայիսի 17-ը և նահանգներին հանձնարարական տվել՝ ըստ վարակակիրների թվի տարածքը «կարմիր», «նարնջագույն» և «կանաչ» հատվածների բաժանել։ Նշվում է, որ «կանաչ» և «նարնջագույն» գոտիներում որոշ սահմանափակումներով թույլատրվում է տաքսիների և հասարակական տրանսպորտի, առանձին գործարանների և խանութների գործունեությունը։

Առանց բացառության բոլոր շրջաններում արգելված է ուսումնական և ժամանցային վայրերի աշխատանքը, փակ են նահանգների միջև սահմանները, արգելված են չվերթները, մետրոյով կամ գնացքներով տեղափոխվելը։