Իրանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Իրանի և Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող կին ակադեմիկոսին

13:47 • 16.05.20

Իրանում դատարանն իրանական և ֆրանսիական քաղաքացիություն ունեցող ակադեմիկոս-մարդաբան Ֆարիբա Ադելհահին երկրի ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրականացման մեղադրանքով դատապարտել է հինգ տարվա ազատազրկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Ադելհահի փաստաբան Սաիդ Դեհգանը հայտնել է, որ նա «դատապարտվել է ազգային անվտանգության դեմ դավադրության համար հինգ տարվա և իսլամական հանրապետության դեմ քարոզչության համար մեկ տարվա ազատազրկման»։ Փաստաբանը նշել է, որ կինը պատրաստվում է բողոքարկել վճիռը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Sciences Po քաղաքական հետազոտությունների ինստիտուտի՝ Մարշալ և Ադելհահ անունով աշխատակիցները ձերբակալվել էին իրանական իշխանությունների կողմից ազգային անվտանգության դեմ դավադրության կասկածանքով։

Ադելհահին ձերբակալել էին 2019 թվականի հուլիսին, իսկ Մարշալի ազատազրկման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերին։ Ֆրանսիայի արտգործնախարարությունն իրավիճակն անթույլատրելի էր համարել և Իրանի իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել ձերբակալվածներին։

Ավելի ուշ Ռոլան Մարշալն ազատ է արձակվել: