Փաշինյանը փորձել է մանիպուլյացիա անել, ասել, որ ինքն է իջեցրել բենզինի գինը, շատ տխուր փաստ է, որ երկրի ղեկավարը նման վերաբերմունք ունի իր քաղաքացիների նկատմամբ. Արմեն Մանվելյան
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի
Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բենզինի գնի անկումը որպես կառավարության ձեռքբերում է ներկայացնում և ներառում իր «փաստերի» մեջ, քանի որ կարծում է, որ հասարակության մի ստվար զանգված չգիտի, թե ինչպես է բենզինի գինը գոյանում, իջնում կամ բարձրանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ դա փորձագիտական դաշտն է ընկալում, բայց ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր ընտրազանգվածը հեռու է նման գիտելիքներից:
«Նիկոլ Փաշինյանը փորձել է մանիպուլյացիա անել, ասել, որ ինքն է իջեցրել բենզինի գինը, և դա իր ձեռքբերումն է»,- նշեց նա:
Նշենք, որ իր առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին», որպես ձեռքբերում ներկայացրեց այն, որ նախորդ տարվա այս ամսվա համեմատությամբ բենզինի գինը նվազել է 38 տոկոսով՝ 420 դրամից հասնելով 280 դրամի։
Արմեն Մանվելյանի խոսքով՝ շատ տխուր փաստ է, որ երկրի ղեկավարը նման վերաբերմունք ունի իր ընտրողների և իր քաղաքացիների նկատմամբ: «Փորձում է այն երևույթները, որոնց վրա Հայաստանը և ինքը ընդհանրապես որևէ ազդեցություն չունեն, ներկայացնել որպես իր ձեռբերում: Հայաստանը ոչ մի կերպ չի կարող ազդել բենզինի գնի ձևավորման վրա»,- ասաց նա:
Արմեն Մանվելյանը պարզաբանեց, թե ինչպես է տեղի ունեցել բենզինի գնակման գործընթացը: «Բենզիզնի գինը կախված է նավթից: Հունվար ամսին նավթի գինը 60 դոլար էր, ապրիլին WTI նավթի միջին գինն իջավ, հասավ 0-ի: Նավթային շուկան կոլապսի մեջ էր, և մարդիկ նավթ չէին գնում, նավթի առաջարկն ավելի շատ էր, քան պահանջարկը: Այդ պայմաններում հում նավթից արտադրվող բոլոր վառելիքների գները իջան, իսկ աշխարհում արտադրվող նավթի 80 տոկոսը վերամշակվում է որպես բենզին: Այսինքն՝ նավթի գների անկումը հանգեցրեց նրան, որ բենզինի գներն իջան»,- ասաց նա:
Արմեն Մանվելյանը նորից ընդգծեց՝ վարչապետի կողմից համաշխարհային շուկայում տեղի ունեցողը որպես իր անձնական ձեռբերում ներկայացնելը ծիծաղելի է:
Ընդհանուր առմամբ անդրադառնալով նավթային շուկայում տիրող վիճակին՝ վերջին օրերին նկատվող նավթի գների աճին, փորձագետը նշեց, որ շուկայում գների կայունացման վրա մի քանի գործոն կարող է ազդել.
«Հիմա նավթի գինը բորսաներում գնահատվում է 30 դոլար, բայց դա այս պահին չի վաճառվում: Բորսաներում վաճառվում է ֆյուչերսային նավթ: Օրինակ՝ Լոնդոնի բորսայում այսօր վաճառվում է հուլիս ամսվա նավթը՝ 32 դոլար, Նյու Յորքի բորսայում այսօր վաճառվում է հունիս ամսվա նավթը և գնահատվում է մոտ 29 դոլար: Որքան շուտ տնտեսությունները սկսեցին աշխատել, այնքան շուտ նավթի գինը կաճի»,- ասաց նա:
Նավթի գնաճի վրա ազդող մյուս գործոնը, ըստ Արմեն Մանվելյանի, նավթի արդյունահանման ծավալների կրճատումն է: «Մայիսի մեկից սկսած՝ նավթի արդյունահանումն է կրճատվել: ՕՊԵԿ+-ի երկրները՝ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը և նրանց շուրջ համախմբված երկրները, կրճատել են նավթի արդյունահանումը: Սա, իհարկե, կազդի նավթի գնաճի վրա: Իհարկե, սպասելը նաև, որ նավթի գինը կդառնա 60 դոլար, անիմաստ է: Մոտ ժամանակներս այդ գնին չի վերադառնա, բայց որոշակի գնաճ կլինի»,- ասաց նա:
Այսօր ֆյուսերսային բորսաներում նկատվող նավթի գնաճը, ըստ նրա, կարելի է համարել նաև աշխարհում նկատվող տնտեսական ակտիվության արդյունք: «Եթե հունիսի համար նման գնով նավթ են վաճառում, ուրեմն հաշվի են առնում, որ հուլիսին արդեն տնտեսությունը դուրս կգա այս կոլապսային վիճակից: Ամենաշատ նավթ օգտագործող երկիրը Չինաստանն է, և այն արդեն հայտարարում է, որ հաղթահարել է խնդիրները: Շատերը հույս ունեն, որ Չինաստանի տնտեսության աշխուժացումը կբերի նաև նավթի գնի աճին»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան










