Վարչապետը ներկայացնում է «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույց. առաջին 20-յակը հակաճգնաժամային միջոցառումներն են

11:58 • 16.05.20

Այսօր տեղի ունեցող առցանց մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցը։

100 փաստերից առաջին քսանյակը՝ ստորև․

1․ Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարությունը հաստատել է թվով 18 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 7-ն ունեն տնտեսական, 11-ը՝ սոցիալական բնույթ։ Միջոցառումների շրջանակում այսօրվա դրությամբ բաշխվել է 84․4 մլրդ։

2․ Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիակական անձանց 11․6 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերը զրո տոկոսով հասանելի դարձնելու համար։

3․ Հակաճգնաժամային 3-րդ միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 24-500 մլն տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսվարողների 8․3 մլրդ դրամ արժեքով արտոնյալ վարկեր։

4․ Հակաճգնաժամային 4-րդ միջոցառմամբ մարտի 13-25-ը աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100 հազար դրամ աջակցություն։ 2093 քաղաքացի միջոցառումից օգտվել է, բաշխվել է 209 մլն դրամ։

5․ Հակաճգնաժամային 5-րդ միջոցառմամբ 2-50 աշխատակից ունեցող ընկերությունները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են իրենց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ Ծրագրից օգտվել է 13 934 տնտեսվարող։ Բաշխվել է 2․2 մլրդ դրամ։

6․ Հակաճգնաժամային 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, ովքեր չունեն մինչև 18 տարեկան երեխա, ստացել են 68 հազարական դրամ աջակցություն։ 7925 քաղաքացի օգտվել է ծրագրից, բաշխվել է 539 մլն դրամ։

7․ Հակաճգնաժամային 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100 հազարական դրամ աջակցություն։ Ծրագրից օգտվել է 9475 կին, բաշխվել է 921 մլն դրամ։

8․ Հակաճգնաժամային 8-րդ միջոցառմամբ Կառավարության կողմից սահմանված տուժած ոլորտների վարձու աշխատողները և ԱՁ-ները ստացել են աջակցություն՝ աշխատողները իրենց գրանցված աշխատավարձի կեսի չափով, անհատ ձեռնարկատերերը եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով։ Ծրագրից օգտվել է 120 828 քաղաքացի, բաշխվել է 8 մլրդ 240 մլն դրամ։

9․ Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ 0-18 տարեկան երեախա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, յուրաքանչյուր երեխայի համար ստացել են 26 500 դրամ աջակցություն։ Ծրագրից օգտվել է 166 հազար երեխա, բաշխվել է 4․4 մլդր դրամ։

10․ Հակաճգնաժամային 10-րդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողները ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն։ Օգտվել է 6157 տնտեսվարող։

11․ Հակաճգնաժամային 11, 12 և 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել բնակիչ բաժանորդները։ Ծրագրից օգտվել է 486 434 ընտանիք, բաշխվել է 4․7 մլրդ դրամ։

12․ Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն։ Բաշխվել է 1․2 մլրդ դրամ։

13․ Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3508 ուսանողներ ստացել են 2020 թ․ երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։ Բաշխվել է 1 մլրդ դրամ։

14․ Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ կիրականացվի ՀՀ բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, կստեղծվի շուրջ 1000 աշխատատեղ։

15․ Հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ 10-30 մլն դրամ դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողները։

16․ Հակաճգնաժամային 18-րդ միջոցառմամբ 2-100 աշխատող ունեցող այն ընկերությունները, որոնք փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին իրենց աշխատատեղերը չեն կրճատել, իսկ աշխատավարձի ֆոնդը կրճատել ոչ ավել քան 5 տոկոսով, կստանան դրամաշնորհ յուրանքաչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով։

17․ Կառավարություն-համայնք-քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին տրամադրվել է ավելի քան 50 հազար սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ։

18․ Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թ․ հուլիս 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով։

19․ Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստեր և շարունակվում են ձեռքբերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։

20․ Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ։