Իրավապահ մարմինները մեզ ասում են՝ այ ժողովուրդ ջան, մենք նախկինի համեմատ կրկնակի, եռակի ծանրաբեռնված ենք աշխատում, ինչո՞ւ եք դժգոհում մեզանից. Նիկոլ Փաշինյան

13:15 • 16.05.20

2019 թվականի ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր էին, պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105,7 մլրդ դրամ՝ 2018 թվականին արձանագրված 85 մլրդ դրամի դիմաց: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց առցանց մամուլի ասուլիսին, երբ ներկայացնում էր «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցը:

«Վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս: 2019 թ․ քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառած նյութական վնասների վերականգման նպատակով 10.2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 45.7 տոկոսով»,- ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ 2018-2019 թվականներին քննված քերական գործերի շրջանակում բացահայտված, պետությանը, համայնքներին պատճառած ընդհանուր արձանագրված վնասների չափը կազմել է 190.7 մլրդ դրամ, ինչը ավելի քան 5 անգամ գերազանցում է 2009-2017 թվականներին արձանագրված վնասների չափը միասին վերցված՝ 35 մլրդ դրամ:

Վարչապետը հավելեց, որ փաստերից այս կետը իրավապահ մարմիններն են կազմել, որպեսզի ներառվի 100 փաստի մեջ: «Այս ամենի մեջ մեսիջ կա, մենք շատ ենք խոսում իրավապահ մարմինների աշխատանքի մասին, հիմա նրանք այս տեքստը գրել են, որպեսզի մեզ ասեն՝ այ ժողովուրդ ջան, մենք նախկինի համեմատ կրկնակի, եռակի ծանրաբեռնված ենք աշխատում, ինչի՞ եք դժգոհում մեզանից: Բայց այդ դժգոհությունը կա, մենք դժգոհ ենք այլ հանգամանքներով»: