Կորոնավիրուսի պայմաններում ո՞վ է առողջ մարդ, ո՞վ գիտի՝ ինքը առողջ է, թե առողջ չէ. դիմակներ կրել-չկրելու հետ կապված՝ մասնագետները, ակադեմիկոսները վիճում են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

14:13 • 16.05.20

Կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհի գիտելիքները վիրուսի և դրա դեմ պայքարի վերաբերյալ անընդհատ թարմանում և փոխվում են: Այս մասին այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսին՝ իրեն ուղղված հարցին ի պատասխան, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիմակ կրելը պարտադիր դարձնելու վերաբերյալ հարցին, քանի որ, ըստ նախկին հորդորների՝ դիմակ կրել անհրաժեշտ էր միայն հիվանդների և հիվանդներին խնամողների դեպքում, մինչդեռ վարչապետը և առողջապահության նախարարը հիմա հակառակն են պնդում՝ բոլորը պետք է կրեն:

«Հարց. կորոնավիրուսի պայմաններում ո՞վ է առողջ մարդ, ո՞վ գիտի՝ ինքը առողջ է, թե առողջ չէ: Այս վիրուսի ամբողջ տրամաբանությունը և նենգությունը հենց դրա մեջ է, որովհետև դեպքերի 70 տոկոսն առանց ախտանիշների է: Մենք այսօր այնպես ենք անում, որ կորոնավիրուսի տարածումը մաքսիմալ կառավարելի լինի, և դիմակների հետ կապված էլ մասնագետները, ակադեմիկոսները վիճում են իրար հետ, բայց մի բան հստակ է. խոսքը ոչ թե չվարակվելու մասին է, այլ չվարակելու, և կա խնդիր, որ մենք չգիտենք՝ ովքեր են հիվանդ, ովքեր՝ առողջ»,-ասաց նա:

Վարչապետը հաստատեց, որ դիմակների դեֆիցիտ եղել է, սակայն հիմա ՀՀ-ում արտադրություն կա, հիմա կարող է դիմակ կրելը պարտադիր լինել: