Մենք ուզո՞ւմ ենք «կպցնողների» հանրություն լինել, բա ողբերգություն չէ՞ երբ գնդապետը փորձում է աջակցության ծրագրով 26,000 դրամ ստանալ. վարչապետ

15:46 • 16.05.20

Կառավարության 9-րդ միջոցառումով մի շարք կառույցների աշխատակիցներ, օգտվելով նրանից, որ իրենց աշխատանքը գաղտնի է և հարկային բազաներում չի ֆիքսվում, մտել են օգնություն ստացել, ընդ որում այն ոլորտներում, որտեղ մենք առաջինն ենք աշխատավարձերը բարձրացրել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում այդպիսի տասնյակ 26 հազար դրամներ են մարդկանց տվել, բայց հարցը փողը չէ, հարցը էությունն է, թե ինչ հանրությունն ենք ուզում լինել:

«Մենք ուզո՞ւմ ենք կպցնողների, շնից մազ պոկողների, քերողների հանրություն լինենք, թե ուզում ենք կարգը հարգող հանրություն լինենք: Բա ողբերգություն չէ՞ երբ այս երկրի անվտանգությունը պաշտպանելուն ուղղված կոչում ունեցող բարձրաստիճան սպան, գնդապետը (ծրագիր - Tert.am) ասենք մտնում է, որ 26 հազար դրամ տանի: Մինչդեռ պետությունը հեղափոխությունից հետո 20 հատ այդպիսի 26 հազար դրամ է տվել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հենց այն մասին է խոսում, թե մաֆիոզ մտածելակերպը, «քերելու, ինչ-որ տեղից ինչ-որ բան տանելու» մտածելակերպը ինչքան է խորացած: «Կապ չունի ընդդիմադիր, իշխանական, սա այնքան խորն է մտած մեր մեջ, այստեղից պետք է գալ, ես սա հանրային պրոբլեմ եմ համարում: Հիմա ինչո՞ւ էն լուրեր գրում՝ սիգարետը տարան, դիմակները ծախեցին, ո՞նց վարչապետ ես, մինչև հիմա փայ չե՞ս մտել, գործ չե՞ս անում, որովհետև նորմալ է: Եթե այս երկրի գնդապետը կարա մտնի 26 հազար դրամ տանի, ինքը էն կանխավարկածով է, որ վարչապետն էլ պետք է 2 միլիարդ 600 միլիոն տանի»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ սա նորմալ չէ, հակառակ դեպքում հեղափոխություն պետք է տեղի չունենար, և եթե այդ է ընկալումը, թե ով որտեղից, ինչ կարող է «քերի, տանի», ինքը այս պաշտոնում անելու բան չունի:

«Մենք ասում ենք պետք է հետ տաք այդ փողը և նայենք այդ կոչումը կրելու իրավունք ունեք, թե չէ»,-ասաց նա և նշեց, որ սա չի նշանակում, որ իրենք չեն հասկանում, որ սոցիալական պրոբլեմ կա երկրում: