Նա կարող էր ուրիշի ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալուց հետո սպանվել․ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանի ընկերության աշխատակցի սպանության գործի մասին (տեսանյութ)

14:48 • 16.05.20

Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ, կային այնպիսիք, որոնք բացահայտվում են, կան, որ դեռևս չեն բացահայտվել և իրավապահ համակարգի առջև խնդիր է դրված՝ բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնը։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ իր պատգամավոր եղած ժամանակ ինքը հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից Արմեն Իսրայելյանի սպանության պատվերի հետքերը տանում են պատգամավորի մոտ։ Արդյո՞ք վարչապետն իրեն մեղավոր չի զգում, որ սպանությունը շարունակում է իր իշխանության եկած ժամանակ էլ մնալ չբացահայտված, քանի որ անձը սպանվել է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալուց հետո։

«Նա կարող էր ուրիշի ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալուց հետո սպանվել։ Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ, կան այնպիսիք, որոնք բացահայտվում են, կան որ դեռևս չեն բացահայտվել և իրավապահ համակարգի առջև խնդիր է դրված բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնը։

Ի դեպ ասեմ՝ ՀՀ-ն միակ երկիրը չէ, որտեղ լինում են չբացահայտված հանցագործություններ։ Բոլոր երկրներում էլ լինում են, բայց շատ երկրներում լինում են դեպքեր, երբ հանցագործությունները տարիներ անց են բացահայտվում»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ վերջերս, երբ իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետության և բարեփոխումների մասին էին խոսում, կար այնպիսի միտք, որ ստորաբաժանումներում լինի այնպիսի բաժին, որ զբաղվի չբացահատված հանցագործություններով։

«Ես գիտեմ, որ բազմաթիվ երկրների իրավապահ համակարգերում այդպիսի բաժիններ գործում են և ՀՀ-ում գուցե իմաստ ունենա։ Բայց կարող եմ ասել, որ այդ կասեցված գործերով մեր իրավապահ մարմինները պարտավոր են կատարել օպերատիվ հետախուզական գործողություններ և վստահ եմ, որ կատարում են»,- ասաց Փաշինյանը։