Աֆղանստանի նախագահն ու նախկին վարչապետը իշխանությունը բաժանելու մասին համաձայնագիր կստորագրեն

15:43 • 17.05.20

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և երկրի նախկին վարչապետ Աբդուլա Աբդուլան մայիսի 17-ին իշխանությունը բաժանելու վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն:  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով TOLO News հեռուստաալիքին:

Ավելի վաղ Աֆղանստանի նախագահի ներկայացուցիչ Սեդիք Սեդիքին տեղեկացրել էր  Ղանիի և Անբդուլլայի միջև բանակցություններում առկա առաջընթացի մասին:

Նշվում է, որ համաձայնագրում ընդգծվելու են այն գործադիր ֆունկցիաները, որոնք կատարելու է Աբդուլլան: Բացի այդ, նախկին վարչապետը, համաձայնագիրը ստորագրելու դեպքում, կգլխավորի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհուրդը:

Աֆղանստանի վերընտրված նախագահ Աշրաֆ Գանին մարտի 9-ին երդում է տվել և պաշտոնապես ստանձնել է  պաշտոնը: Չճանաչելով ընտրություններում իր պարտությունը՝ վարչապետ Աբդուլա Աբդուլան անցկացրել է զուգահեռ երդման արարողություն նույն օրը: Երկու օր անց Գանին վերացրել է գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը, որը զբաղեցնում էր Աբդուլլան: