Բժիշկ-խորհրդականը զգուշացնում է, որ իմունիտետի պակասը Չինաստանին խոցելի է դարձնում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի առաջ. CNN

19:38 • 17.05.20

Չինաստանը դեռ կանգնած է «Քովիդ-19»-ով վարակվելու երկրորդ հավանական ալիքի «մեծ մարտահրավերի» առաջ: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է շնչառական հիվանդությունների գծով չինացի առաջատար մասնագետ Չժուն Նանշանը:

Բժիշկն ընդգծել է, որ բնակչության շրջանում իմունիտետի պակասը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի դեռ երկրները մրցակցում են պատվաստանյութ ստանալու հարցում: Չինական կառավարության բուժական գծով ավագ խորհրդականը նշել է նաև, որ Ուհանի իշխանությունները, որտեղի տարածվել էր կորոնավիրուսի վարակը, թաքցրել են նախնական համաճարակի իրական ծավալները:

Չինաստանում պաշտոնական տվյալների համաձայն ավելի քան 82 000 վարակման դեպքեր են արձանագրվել համաճարակի ողջ ընթացքում, ինչպես նաև` 4633 մահվան դեպք:  

Այժմ երկիրը կամաց-կամաց վերադառնում է կյանքի բնականոն հունին՝ զսպելով հիվանդության տարածումը: Սակայն մասնագետի կարծիքով՝ իշխանությունները չպետք է բավարարվեն ներկա իրավիճակով, քանի որ վարակման երկրորդ ալիքի վտանգը չի անցել: