Վրաստանում կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք է գրանցվել

12:08 • 17.05.20

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 695-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 12 մարդ, վարակվածներից 425-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Երկրում 3822 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, 360 մարդ հսկողության տակ է մնում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 733 349 է, մահացել է 313 384 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: