Գորբաչովը խոսել է կորոնավիրուսի պատճառով առաջացած խոր ճգնաժամի մասին
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ աշխարհը այժմ խոր ճգնաժամ է ապրում կորոնավիրուսի համավարակի պատճառով և այդ ֆոնին այսօր շատ մեծ է կրոնական առաջնորդների դերը և ցանկություն կա հուսալու, որ նրանք կկարողանան դրսևորել այդ պատասխանատվությունը, հետևելով նաև նախկին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդ-ի օրինակին, որը «շարունակում է մնալ մեր ժամանակակիցը»:
Այս մասին խորհրդային նախկին առաջնորդը գրել է L'Osservatore Romano պարբերականում հրապարակված Հովհաննես Պողոս 2-րդ-ի 100-ամյակին նվիրված իր հոդվածում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ապագա հովվապետը ծնվել է 1920-ի մայիսի 18-ին, նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն էր 1978 թվականից մինչևիր մահվան օրը` 2005 թվականը: Հոդվածում խորհրդային նախկին ղեկավարը հիշում է իր զրույցները պապի հետ և խորհում է աշխարհում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների մասին:
«Աշխարհը ոչ հեշտ ժամանակներ է ապրում: Նա ցանկացած մարդու, նամանավանդ քաղաքական գործիչներին հատուկ պահանջներ է ներկայացնում: Մեծ և պատասխանատու է նաև կրոնական առաջնորդների դերը: Ցանկանում եմ հուսալ, որ նրանք կկարողանան դրսևորել այդ պատասխանատվությունը` հետևելով Հովհաննես Պողոս 2-րդ պապի ոգեշնչող օրինակին: Նա այսօր էլ մնում է մեր ժամանակակիցը»,-գրել է Գորբաչովը:
Նա նշել է նաև, որ աշխարհը այսօր սուր ճգնաժամ է ապրում կորոնավիրուսի համավարակի պատճառով: Գորբաչովի կարծիքով պետությունների քաղաքականության մեջ այժմ առաջնային պետք է լինի մարդու անվտանգությունը և մոլորակի յուրաքանչյուր բնակչի համար կյանքի պայմաններ ստեղծելը:










