Որոշեցինք ավարտել մեր «Զրույց. Սամվել Ֆարմանյան - Հրանտ Տեր-Աբրահամյան» հաղորդման շարքը. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)
Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ավարտին է մոտեցել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զրույց. Սամվել Ֆարմանյան և Հրանտ Տեր–Աբրահամյան» հաղորդաշարի ավարտի մասին և հրապարակել հեռուստանախագծի վերջին՝ «Հրաժեշտի թողարկումը»:
«Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ որոշեցինք ավարտել մեր «Զրույց»-ների շարքը: Գրեթե երկու տարի առաջ էր, երբ ծնվեց ու հետո կյանքի կոչվեց հեռուստատեսային մեր այս գաղափարը:
Նախագիծը մեկնարկելիս մենք երկու պարզ նպատակ էինք սահմանել.
1. Թեմա առ թեմա, խնդիր առ խնդիր ակնարկել, հուշել, ցույց տալ, որ մեր երկրում քաղաքականությունը պիտի նախ ունենա բովանդակություն: Այն պիտի նախ իրական օրակարգ ունենա: Օրակարգ ու բովանդակություն, որը վերբերում է Հայաստանի պետական շահերին, շոշափում է մեր ժողովրդի իրական խնդիրները: Աղմուկն ու մակերեսայնությունը չպիտի խեղդեն, չպիտի գան փոխարինելու իրական բովանդակությանն ու իրական օրակարգին, որոնց հետևում ահռելի պատմական կենսափորձ ու իմացություն կա կուտակված: Մեր մտքի ելակետն այն էր/է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը հավերժ են, իսկ միմյանց հաջորդող սերունդների առաքելությունն է խելամտորեն կամրջել էդ հավերժ ճամփորդությունը. յուրաքանչյուր սերունդ իր ժամանակում` սեփական առաքելության հետևից գնալով:
2. Հաջորդ նպատակը առնչվում էր մեր քաղաքական մշակույթին, ավելի շուտ դրա վաղվան: Մեր օրերում` երկու տարի առաջ, դրանից էլ առաջ, կարծես, էսօր էլ, երբ ներքին քաղաքական մրցակցությունն ու քաղաքականությունն ընդհանրապես դարձել է ինքնահոսի մատնված ու հորձանուտի վերածվող աղմկոտ հայհոյախոսություն, քաղաքական մրցակցին բարոյապես ոչնչացնելը դարձել է գերնպատակ, քաղաքական մրցակցին ամեն կերպ սևացնելը, նրանից դիվային կերպար կերտելը, սպառնալը, անգամ բռունցքներով հարցեր լուծելը դարձել է տիրապետող ձեռագիր, մեր սեփական օինակով, ու, որ շատ կարևոր է` հրապարակայնորեն, մեր ժողովրդին ու գործընկերներին ցույց տալ, որ քաղաքական լրիվ տարբեր ճանապարհ անցած երկու հայ, մարդիկ, որոնք անգամ պատմության տարբեր փուլերում եղել են իրար հետ ամենասուր քաղաքական մրցակցության մեջ գտնվող թիմերում, կարող են անել հակառակը` միասին նստել սեղանի շուրջ ու գծել այն օրակարգը, առանձնացնել հարցերի ու խնդիրների այն զամբյուղը, որը ընթացիկ բաժանումներից, աղմուկից, կռվից ու պայքարից վեր է, ավելի բարձր է. դա Հայաստանն է, հայ ժողովուրդն է ու իր ապագան:
3. Երկու տարվա ընթացքում մենք մեր բաժին մի համեստ սերմը դրեցինք հողում` հույսով, որ այն ապագայում ծիլեր կտա, վարակիչ կլինի, նախադեպ կդառնա, մթնոլորտ ու մշակույթ կփոխի: Ինչպես ասում էին հին Հռոմում` մենք արեցինք այն, ինչ հնարավոր էր, ով կարող է թող անի ավելին:
Հ.Գ. Ինձ ճանաչողները, մեր հանրության քաղաքականապես ակտիվ հատվածը գիտի, որ ես զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ: Օրվա իրականությունը, քաղաքական իրավիճակի հետագա ընթացքը մեծ հավանականությամբ ինձ թելադրելու է շատ ավելի ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացներում: Այս տեսանկյունից էլ, անազնիվ կլիներ որևէ մեկի, անգամ ամենաչարամիտ մեկին տեղ թողնել մտածումի, որ լրիվ այլ` լուսավոր նպատակ հետապնդած մեր այս «Զրույց»-ների շարքը ինչ-որ կերպ տեղավորվում է առաջիկա քաղաքական պայքարի այդ գործընթացներում»,- գրել է նա:










