62 երկրներ աջակցել են կորոնավիրուսի համավարակի աղբյուրները հետաքննելու մասին Ավստրալիայի նախաձեռնությանը
Կորոնավիրուսի աղբյուրի վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու Ավստրալիայի և Եվրամիության նախաձեռնությանն աջակցություն են հայտնել 62 երկրներ: Այս մասին հայտնում է ավստրալական АВС հեռուստահեռարձակող ընկերությունը:
Երկրներն իրենց աջակցությունը հայտնել են Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի մեկնարկի նախօրեին:
Եվրոպական երկրները և Ավստրալիան միավորել են ջանքերը՝ հաջակցություն ԵՄ առաջարկի, որով կոչ է արվում «անկախ և համապարփակ գնահատական տալ ԱՀԿ-ի կողմից համակարգվող միջազգային միջոցառումներին՝ ուղղված «Քովիդ-19»-ի զսպմանը»:
Առաջարկում չի մատնանշվում Չինաստանը կամ Ուհան քաղաքը, որտեղ, ենթադրաբար, բռնկվել է վիրուսի համաճարակը:
Չինաստանն ու ԱՄՆ-ն ներկա պահին հավանություն չեն տվել այդ նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ Ճապոնիան որոշել է երկուշաբթի մեկնարկող ԱՀԿ վեհաժողովում բարձրացնել միջազգային կազմակերպության դեմ հետաքննություն սկսելու առաջարկը՝ կապված կորոնավիրուսի համավարակին արձագանքելու միջոցառումներն ուղացնելու հետ:










