Ֆինլանդիայի ափերին 70 տարվա մեջ առաջին անգամ աֆալինա տեսակի դելֆիններ են հայտնաբերվել

16:49 • 22.05.20

Ֆինլանդիայի հարավարևմտյան Տուրկու քաղաքի մոտակա ափերին աֆալինա տեսակի դելֆիններ են հայտնաբերվել, հայտնում է Helsingin Sanomat պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ չնայած աֆալինա դելֆինները հանդիպում են բոլոր օվկիանոսներում, դրանք հազվադեպ են լինում Բալթիկ ծովում և առավել ևս ֆիննական տարածքային ջրերում։

Ավելի վաղ նման դելֆիններ այս տարածքներում 1905 և 1953 թվականներին են հանդիպել։

Նշվում է, որ Տուրկուի համալսարանի գիտնականներն արդեն անցել են դելֆիններին հետևելու աշխատանքներին։ Տվյալների համաձայն՝ ընդհանուր առնվազն երեք կաթնասուն է հայտնաբերվել, որոնք բոլորն էլ մեծ են։ Գիտնականները դելֆիններին նկատած անձանց կոչ են անում չմոտենալ նրանց և իրարանցում չառաջացնել։