«ԵՄ-ն չպետք է համագործակցի Ադրբեջանի հակաժողովրդավարական ռեժիմի հետ». ադրբեջանցի քաղաքական ներգաղթյալները բողոքի ակցիա են իրականացրել Բեռլինում Մերկելի նստավայրի մոտ (տեսանյութ, լուսանկար)

13:36 • 12.06.20

Գերմանիայում ապրող ադրբեջանցի մի խումբ քաղաքական ներգաղթյալներ հունիսի 11-ին բողոքի ակցիա են անցկացրել Բեռլինում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի դիմաց: Ակցիան կազմակերպվել էր ի նշան հունիսի 8-ին Բաքվի Յասամալի շրջանում ոստիկանության հատուկ գործողությունների դեմ բողոքի: Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի կայքը:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին ադրբեջանցի քաղբանտարկյալների նկարները, բացականչել են «Դատե՛լ Վիլայաթ Էյվազովին (Ադրբեջանի ներքին գործերի նախարարն է)», «Վերջ դրե՛ք ոստիկանության կողմից բռնություններին»:

Ցուցարարները պահանջել են, որ ոստիկանական գործողությունը կազմակերպած բոլոր անձինք` ներքին գործերի նախարարի գլխավորությամբ, պատժվեն:

Ակցիայի ընթացքում ադրբեջանցի նախկին լրագրող Աֆղան Մուխթարլըն կոչ է արել Գերմանիայի կառավարությանը «վերանայել իր դիրքորոշումը բռնակալների նկատմամբ»: Նրա խոսքով` պաշտոնական Բեռլինը չպետք է համագործակցի Ադրբեջանի հակաժողովրդավարական ռեժիմի հետ:

«Եվրոպական միությունը չպետք է անտարբեր լինի Ադրբեջանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործողությունների և ապօրինի ձերբակալությունների նկատմամբ»,-ասել է Մուխթարլըն:

Նմանատիպ բողոքի ակցիա հունիսի 11-ին տեղի է ունեցել նաև Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

Հունիսի 8-ի առավոտյան ժամը 7-ին Բաքվի Յասամալի շրջանի բնակելի շենքերից մեկում ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել` անկողնուց հանելով և բերման ենթարկելով 11 բնակչի: Դրա պատճառը դարձել էր այն, որ հունիսի 7-ին շենքի բնակիչները աղբը պատշգամբից ցած էին նետել` այդ կերպ բողոքելով ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ կոշտ վերաբերմունքի դեմ:

aksiya